«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անճարությունից դեպի անկոտրում պայքար
Ամեն երեկո Եռաբլուրում ինձ են մոտենում հերոսածին մայրեր ու բարևելով շշնջում.
– Շնորհակալություն, որ այդքան ուժեղ եք, մեր տեղն էլ պայքարեք, ես այդքան ուժեղ չեմ…
– Ինձ համար միևնույն է վաղվա ճակատագիրը….. եթե որդիս չկա, մնացածն էլ կարևոր չէ….
– Ես չեմ կարողանում ապրել, ուր մնաց պայքարել….
– Ի՞նչ անենք, ասեք, վրեժը մթագնել է ուղեղս, սիրտս, հոգիս….ոչինչ չեմ ուզում վրեժից բացի…
– Ի՞նչ իմաստ ունի էլ ապրելը, երբ մեր երեխեքի կյանքն էլ, մահն էլ արժեզրկեցին….
….և շարունակվում է Հայրենիքին զավակ տված հերոսածին մայրերի անտերության ու անճարության սգահանդեսը…..
Եվ ուզում եմ շշնջալ ու գոռալ միաժամանակ.
– Ես բոլորովին էլ ուժեղ չեմ, քույրեր, իմ սիրտն էլ ձեր սրտի պես դադարել է բաբախել, իմ հոգին էլ ձեր հոգու պես նվում է անճարությունից, իմ աչքերն էլ ձեր աչքերի պես ցամաքել են արցունքներից…..
Բայց իմ անճարությունից խելագար ցասում է միայն ծնվում.
– Ոչ ոքի, ոչ ոքի թույլ չենք տալու իմաստազրկել մեր որդիների անգին զոհաբերությունը….
Կա Տիեզերական արդարություն, պիտի՛ լինի, հակառակ դեպքում ամեն ինչ արժեզրկվում է կյանքում, և մեր՝ այսքան թանկ վճարած մայրերիս պատասխանը պիտի լինի նույնքան թանկ՝ Հայաստանի նոր հաղթանակը…
Եվ այդ օրը գալու է»։