Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է: Այս մասին տեղեկանում են Ինտերֆաքսից:
«Ներկայումս մենք գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման փուլում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, և այդ հարցի շուրջ բանակցելու կարիք չկա»,- ասել է Ալիևը՝ Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարներին Բաքու ընդունելության ժամանակ:
Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունը միայն հրադադարի համաձայնագիր չէ:
«Ով կարդա այս փաստաթուղթը, կտեսնի, որ այն ընդգրկում է շատ այլ հարցեր: Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին: Մենք շրջեցինք այս էջը և պատրաստ ենք առաջ գնալ և նպաստել տարածաշրջանային կայունությանը»,-ասել է Ալիևը:
Նա հույս է հայտնել, որ ընտրություններից հետո նոր իշխանությունները կհամաձայնվեն խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:
«Հայաստանի կառավարությունը անտեսում է մեր ցանկացած հայտարարություն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցությունները սկսելու վերաբերյալ: Սակայն հնարավոր է, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարություններին: Բայց հիմա, Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական արձագանքի հույս ունենք»,-ասել է Ալիևը: