«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման կապակցությամբ:
«Անմեղության կանխավարկածի, Արմեն Չարչյանի կենսագրության, ընտանեկան վիճակի և ուշագրավ այլ հանգամանքների հաշվառմամբ քրեական գործը կարող էր քննվել առանց Արմեն Չարչյանին կալանավորելու: Մեղադրյալի վարքագիծը զսպելու համար օրենսդրությունն այլ խափանման միջոցներ էլ է նախատեսում, մինչդեռ նախաքննության մարմինն ընտրել է ամենախիստ խափանման միջոցը:
Այս գործի առնչությամբ, չեզոք դիտորդի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Արմեն Չարչյանն այս վերաբերմունքին է արժանացել իր քաղաքական համոզմունքի պատճառով:
Հիշեցնում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012թ. Ընդունված բանաձևով* վերահաստատել է 2001թ.-ին իր կողմից ընդունված քաղաքական բանտարկյալ համարելու չափանիշները:
(*http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp… )
Ըստ այդմ, ազատությունից զրկված անձը կարող է համարվել քաղաքական բանտարկյալ, եթե՝
– քաղաքական դրդապատճառներով անձը այլ անձանց համեմատ խտրական կերպով է ազատազրկվել (կալանավորվել), կամ
– ազատազրկումը (կալանավորումը) արդյունք է հստակորեն անարդար դատավարության, ինչն առերևույթ կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ»,-ասված է հայտարարության մեջ: