Մայր Աթոռի հայտարարությունը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել․

«Խորը մտահոգությամբ տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման մասին: Անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են, և կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ, ինչի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ։ Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում, ինչը միանշանակորեն դատապարտելի է։

Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ նկատի ունենալով նրա առողջական ոչ բարվոք վիճակը և նրա խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի հանգամանքը։

Վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանը ամենածանր և դժվարին իրավիճակներում փրկել է հազարավոր կյանքեր և այսօր էլ, գլխավորելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, շարունակում է իր անմնացորդ ծառայությունը բերել մեր ժողովրդին և հայրենիքին։ Այժմ, կալանքի ծայրահեղ միջոցի կիրառմամբ, վտանգված է նրա առողջությունը, ինչպես նաև բացառվել է նրա օժանդակությունը մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության հարցերում։

Վստահ ենք, որ քրեական գործով նախաքննությունը կարելի է անցկացնել առանց բժիշկ Արմեն Չարչյանին հասարակությունից մեկուսացնելու»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։

Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։

Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահներոը որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։

Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը երեկ դատարանի բակում պնդեց՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել