Չեմ հասկանում՝ ինչո՞ւ Չարչյանը, ես լինեի, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ․ Վահե Հակոբյան

 

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ու մի խումբ անձիք դատախազության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ ի աջակցություն բժիշկ Արմեն Չարչյանի։

Արմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստ են իրագործել ցանկացած տարբերակ, որը նպատակ կունենա արդարության վերականգնմանը։

«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ Չարչյանը, ես լինեի, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ: Չարչյանը մտավորական է, վաստակաշատ բժիշկ, այսօր նրանից շատ կյանքեր են կախված, թե ինչու են այս քայլին գնում՝ ինձ համար անհասկանալի է, բայց քաղաքական առումով հասկանալի է, որ պետական ապարատն ուզում է քաղաքական տեռոր անել»,-նշեց նա։

Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը կմիանա ակցիային, Վահե Հակոբյանը պատասխանեց՝ «Հենց դրա կարիքը լինի, Ռոբերտ Քոչարյանը կմիանա, նա չի խուսափում։ Մենք այդպես ենք որոշել, որ դեռ նրա կարիքը չկա այստեղ»։

Հիշեցնենք, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել։

Նա մեղադրվում է ԱԺ արտահերտ ընտրությունների նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար, այն է` ծառայողական կախվածությունն օգտագործելով ընտրություններին մասնակցելուն և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել