Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը դադարեցնում է նստացույցը

Ադրբեջանում գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը դադարեցնում է նստացույցը։

Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․

«Հարգելի հայրենակիցներ։

Այս պահին դադարեցնում եմ նստացույցը հետևյալ պատճառով։

Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։

Դրանք են.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)

2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։

Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև Հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»։

Ինչպես արվելի վաղ հայտնել էինք, Տիգրան Ամբարդարյանը, հունիսի 23-ի ուշ երեկոյան հայտարարություն տարածեց, որ գերեվարված մյուս տղաների ծնողների հետ ՀՀ ներկայիս իշխանություններից պահանջում են Ադրբեջանի դիմաց պահանջ դնել․ «անհապաղ դադարեցնել մեր եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների»։

Նա նաև նշել էր, որ անժամկետ նստացույց են սկսում։

Իրավաբան.net-ի հետ զրույցում Տիգրան Ամբարդարյանը նշեց, որ Կարմիր խաչի միջնորդությամբ մոտ 2 ամիսը մեկ կարողանում են կապ հաստատել իրենց հարազատների հետ։

«Վերջին անգամ 20 օր առաջ ենք տեսաուղերձ ստացել՝ Կարմիր խաչի միջոցով»,-նշեց նա։

Ի պատասխան այն հարցին, որ կառավարությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում գերեվարված անձանց հարազատների հետ և արդյո՞ք չի բավարարում կառավարության հավաստիացումները՝ գերեվարված անձանց վերադարձը կազմակերպելու աշխատանքների վերաբերյալ, Ամբարդարյանը հայտնեց․ «Դրանք փակ հանդիպումներ են, մանրամասներ չեմ կարող ասել, համենայն դեպս, ծնողի համար, մինչև իր երեխան տուն չգա՝ ոչ մի բավարարող հանգամանք չկա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել