Հունիսի 15-ի գիշերը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից, անգիտակից վիճակում, «Աբովյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոցից ահազանգել էին ոստիկանության Կոտայքի բաժին ու հայտնել, որ նրա կրծքավանդակին ու որովայնին կտրած-ծակած բազմաթիվ վերքեր կան։ Վերքերն անհամատեղելի էին կյանքի հետ. վիրահատարանում տղամարդը մահացել էր։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Կոտայքի բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին Գեղաշեն։ Նախ հայտնաբերվեց դեպքի վայրը։ Օպերատիվ հարցումների արդյունքում պարզ դարձան կատարվածի մի շարք հանգամանքներ։ Դեպքը տեղի էր ունեցել գյուղի «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքերով հագուստ, արնանման հետքեր, գարեջրի շիշ, երկաթե ձող, դանակ և այլն։ Սպանությանը նախորդել էր կենցաղային վեճ։ Կոտայքի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության, ինչպես և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, զուգահեռ կատարվեցին քննչական գործողություններ։ Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։
Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 36-ամյա բնակչին հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին, իրականացվեց նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում՝ հունիսի 23-ին կասկածյալը գնաց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ներկայացվեց Աբովյանի քննչական բաժին ու ձերբակալվեց։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: