Ինչպես արդեն հայտնել ենք, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել։
Նա մեղադրվում է ԱԺ արտահերտ ընտրությունների նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար, այն է` ծառայողական կախվածությունն օգտագործելով ընտրություններին մասնակցելուն և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը՝ Չարչյանին կալանավորելու մասին։
«Հայաստան» դաշինքը հրապարկել է նրա կենսագրությունը, որը ներկայացնում ենք ստորև։
Արմեն Չարչյանը ծնվել 1960 թվականի հունվարի 28-ին, Երևանում, (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ):
Բժիշկ, օրթոպեդ-վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ։ ՀՀ ԱՆ խորհրդատու վնասվածքաբանության և օրթոպեդիկ վիրաբուժության գծով։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ։
181 տպագրված գիտական աշխատությունների հեղինակ 1990-1995 թթ. Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի հերոսամարտին: 2009-2012 թթ. ՀՀ ՊՆ ԿԲՀ փորձագետ:
2008 թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով:
2012 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
2007 թ. ՀՀ վարչապետի շնորհակալագիր` հայկական բանակի կազմավորման 15 ամյակի առթիվ և Արցախյան ազատամարտում բժշկական օգնություն ցուցաբերելու գործում ունեցած ակտիվ մասնակցության համար:
2007 թ. ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով: 2011 թ. ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:
2011 թ. ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «ՀՀ ԶՈւ 20 տարի» մեդալով:
2014 թ. ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:
2014 թ. ՀՀ Ազգային Օլիմպիական կոմիտեի հրամանագրով պարգևատրվել է «Վարազդատ Արշակունի» մեդալով:
2005 թ., 2010 թ., 2012 թ. պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալով։