Իրավաբան.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի պաշտոնում։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Կարեն Համբարձումյանի, Հարություն Ենոքյանի, մերժել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 15-ի վճիռը, համաձայն որի՝ անվավեր էր ճանաչվել Վիրաբյանին պաշտոնից ազատելու մասին Բադասյանի հրամանը։
Հիշեցնենք, որ 2020թ սեպտեմբերի 7-ին «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։ Վիրաբյանը հայցադիմում էր ներկայացրել՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին։
2021թ հունվարի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել էր Վիրաբյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ անվավեր ճանաչելով Վիրաբյանին աշխատանքից ազատելու մասին հրամանը։