«Բացարձակապես պետք է մի կողմ դնել իմ բոլոր ծառայություններն այս երկրի հանդեպ, պետք է կողմ դնել առողջական վիճակը, պետք է կողմ դնել մնացյալ բոլոր հարցերը և հարցը դիտարկել զուտ իրավական հարթության մեջ։ Լինեմ ես Չարչյանը, լինեմ ես Պողոսյանը, օրենքի առաջ մենք բոլորս հավասար ենք»,-այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, ձերբակալությունից ազատ արձակվելուց ժամեր անց ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
Նա նշեց, որ քրեաիրավական համակարգի աշխատակցիներին շատ շնորհակալ է, քանի որ բոլորի կողմից տեսել է անձնապես արտահայտված վերաբերմունք․ «Երբեմն՝ ջերմ վերաբերմունք, դա թերևս կախված էր այն բանից, որ իրենք ինձ որոշակիորեն ճանաչում էին»,-ասաց նա։
Արմեն Չարչյանը նշեց, որ վերջապես երկու օր հանգիստ քնել է, չեն անհանգստացրել ոչ հեռախոսանգերը, ոչ ԲԿ-ից ստացված զանգերը։
«Եթե իրապես հիմք չկա, և մեր շատ հարգելի իրավաբանները համոզված լինելով, որ որևէ հիմք չկա, գործ են հարուցում և ձերբակալում են, ապա դա նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ և խստագույնս պահանջ, որպեսզի իրենք ինձ ձերբակալեն, սա ինձ մեծ պատիվ է բերում, քանի որ, եթե ես այդքան մեծ վտանգ եմ ներկայացնում այդ մարդկանց համար, որոնք սկսել են գործընթացը, դա ինձ համար պատիվ է, և իրենց գործողություններով բացահայտեցին իմ ուժն ու հնարավորությունները»,- նշեց նա: