Ի գիտություն, բոլոր այն գոնգոյանման քաղհասարակության ներկայացուցիչների․ Ավետիք Իշխանյան

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ի գիտություն, բոլոր այն գոնգոյանման քաղ․ հասարակության ներկայացուցիչներին, որոնք խոսում են իբր ընդդիմության կողմից վարչական ռեսուրսների օգտագործման մասին։

Հայաստանում գործում է վարչական մարմինների այսպես ասած ինստիտուցիոնալ մոդելը, այսինքն՝ վարչական մարմին է միայն օրենքով նախատեսված, վարչարարություն իրականացնող մարմինը: Ըստ օրենքի(«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք, հոդված 3)

դրանք են՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները` Հայաստանի Հանրապետության նախարարություններ, ինչպես նաև Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ (ոստիկանություն, մաքսային ծառայություն, ԱԱԾ և այլն), ինչպես նաև տարածքային կառավարման մարմինները` մարզպետները, տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը: Այլ մարմինները, ՊՈԱԿ-ները, պետական համալսարանները, պետության կողմից հիմնված կազմակերպությունները չեն կարող իրականացնել «վարչարարություն», նույնսիկ եթե իրենց գործունեությունը առնչվում է մարդու իրավունքներին:

Այլ երկրներում կան այլ մոտեցումներ, գործում է այսպես կոչված ֆունկցիոնալ մոդելը՝ եթե որևէ մարմնի կամ անձի գործունեությունը հետևանք կարող է թողնել մարդու իրավունքների վրա, ապա նա կրում է վարչական մարմնին հատուկ պատասխանատվություն (այսպես կոչված ֆունկցիոնալ մոդելը): Պետք է նաև հիշել, որ սահմանադրության նախորդ փոփոխություններով վերացվել է այն դրույթը, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել այլոց իրավունքները: Այսինքն՝ վարչական մարմիններից բացի ոչ ոք կաշկանդված չէ մարդու իրավունքներով( ՀՀ Սահմանադրություն, 2005 թ. խմբագրության, հոդված 47):

Այնպես որ, այն հայտարարություններն, իբր այս ընտրությունների ընթացքում, ի տարբերություն իշխանության, ընդդիմությունն է կիրառում վարչական ռեսուրսներ, ընդամենը կարող էր ծիծաղելի լինել, բայց իրականում այս ամենը ցույց է տալիս այդ գոնգոների համաձայնությունը Արցախի կորստին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել