Արված հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է. Դատախազությունից հերքում են Արմեն Աշոտյանի հայտարարությունը

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանում է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի հայտարարությունը:

««Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը քիչ առաջ հրավիրած ասուլիսում անհիմն հայտարարություններ է արել ՀՀ գլխավոր դատախազության հրահանգով, իբր, մարզերի դատախազների կողմից համայնքների ղեկավարներին հրավիրելու, ընտրությունների հետ կապված ինչ-որ ուղղորդումներ իրականացնելու վերաբերյալ:

Արված հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է, իրականության հետ որևէ աղերս չունի և ակնհայտորեն հետապնդում է ընտրական հանցագործությունների դեմ պայքարում դատախազության նկատմամբ քաղաքական ճնշումներ բանեցնելու նպատակ:

Ի սկզբանե ընտրությունների օրինականության երաշխավորման պատասխանատվությունը ստանձնելու և այդ մասին բազմիցս հրապարակավ հայտարարելու, դրանից բխող նախազգուշացումներով հանդես գալու պայմաններում դատախազությունը չէր կարող ու չի կարող իրեն թույլ տալ նման հանցավոր վարքագիծ:

Պահանջում ենք՝ ՀՀ դատախազության անունը անհիմն կերպով չօգտագործել սեփական քաղաքական քարոզչական հնարքներում և զերծ մնալ վերջինիս կողմից որդեգրած՝ բացարձակ քաղաքական չեզոքոքության և զսպվածության հստակ և անշեղ ուղեգիծը ստվերելու փորձերից:

Եթե պարոն Աշոտյանը տիրապետում է կոնկրետ տվյալների, ապա խորհուրդ ենք տալիս անորոշ և ընդհանրական հայտարարություններ անելու փոխարեն հրապարակել դրանք: Վստահեցնում ենք՝ իրավական գնահատականը չի ուշանալու»:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ահազանգեց այն մասին, որ իշխանությունը, զգալով գալիք պարտությունը, վերջին ճիգերն է գործադրում ԱԱԾ-ի, Ոստիկանության ու Դատախազության միջոցով փորձելով ազդել ընտրությունների արդյունքի վրա։

«Երրորդ ահազանգը Գլխավոր դատախազությանն է վերաբերում։ Դատախազությունն իջեցրել է հրահանգ իր բոլոր ստորաբաժանումներին, և երեկ գիշերվանից դատախազություն են հրավիրվում տարբեր համայնքների, մարզերի ղեկավար անձնակազմեր՝ գյուղապետեր, դպրոցների տնօրեններ։ Նրանց հետ նույնպես տարվում է հետևյալ սպառնալիքներով լի զրույցը, որ՝ եթե քեզ խելոք չպահես, եթե Պատիվ ունեմ դաշինքի համար ես աշխատում, ապա գիտես մեզ համար 5 րոպեի հարց է՝ քո վրա սարքել քրեական գործ»,- նշեց Աշոտյանը։ Նա հավելեց, որ այս ամենը փաստագրված է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել