Շրջելով քաղաքով՝ նույնիսկ հիշում եմ՝ որ շինարարը որ շենքն է կառուցել կամ ամրացրել․ Քոչարյանը՝ Գյումրիի մասին

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքին հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը գալիս է կիսատ գործը շարունակելու  և քաղաքացիների կյանքը բարելավելու համար: Քոչարյանն ասաց, որ, թեև գյումրեցի չէ, Գյումրիում երբեք չի ապրել, բայց տասը տարվա ընթացքում այնպես է ստացվել, որ իր սրտի մի մասը մնացել է Գյումրիում:

«Առաջին անգամ եկել եմ Գյումրի 1997 թվականին, նորանշանակ վարչապետ էի: Վիճակը այնպիսին էր, որ ինքս ինձ համար երդվել եմ, որ այս քաղաքի դեմքը պետք է փոխենք, պետք է վերականգնենք այն քաղաքը, որի մասին միշտ լսել էի՝ Գյումրին իր թասիբով, իր հումորով , իր հոտով ու համով: Եվ այսօր, շրջելով քաղաքով, կարող եմ ասել, որ ճանաչում եմ բոլոր շենքերը, նույնիսկ հիշում եմ՝ որ շինարարը որ շենքն է կառուցել կամ ամրացրել: Մեկ-մեկ մտածում եմ, որ, չգիտեմ ինչպես ստացվեց, բայց Գյումրին Ստեփանակերտից ավելի լավ եմ ճանաչում»,- ասաց Քոչարյանը:

Նա վստահեցրեց՝ իրենք համաչափ կզարգացնեն Հայաստանի տարբեր մարզերը:

«Ինձ համար չափազանց հաճելի էր իմանալ, լսել և տեսնել, որ Գյումրին դառնում է տուրիստական կենտրոն: Եվ դուք այդ պոտենցիալը իսկապես ունեք: Մենք որպես մեկ քաղաքական միավոր, վստահ ենք, որ գալիս ենք իշխանության և գալիս ենք ձեր հզորությունը ավելացնելու, դեպի առաջ մղելու, երկիրը զարգացնելու, համերաշխություն բերելու բոլորի համար: Սա է մեր նպատակը»,- եզրափակեց Քոչարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել