Ջերմուկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց, որ շինարարական որոշ կազմակերպություններ քարոզարշավի այս օրերին դուրս չեն գալիս աշխատանքի, որպեսզի չերևա, թե այդ գործերն արվում են:
«Ես երեկ Պապիկյանին հարցնում եմ, բա մենք էս տարի այս մարզում 120 կմ ասֆատ պիտի անենք, Հանրապետությունում՝ 400-500 կմ ասֆալտ պիտի անենք, բա ինչի՞ էս աշխատանքները չկան: Պարզվում է՝ այս մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ, հիմա իրենք հատուկ նախընտրական շրջանում գործերը չեն անում, որ չերևա, որ էդ գործերը արվում են»,- մասնավորապես ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ ասֆալտի թեմայով առանձին հպարտանալու առիթ ունի, որովհետև իր իշխանությունը ճանապարհ է կառուցել մի տարածքում, որը 35 տարի չի ունեցել:
Խոսքը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում գտնվող Խնձորուտ և Նոր Ազնաբերդ բնակավայրերի մասին է: Ըստ Փաշինյանի, թեև այս երկու համայնքներում ապրում է 650 մարդ, բայց կառավարությունը 2 մլն 300 հազար դոլար է ծախսել, որպեսզի այդ գյուղեր տանող 14 կմ-ոց ճանապարհը կապիտալ վերանորոգի: Ընդ որում ճանապարհը կառուցվել է մինչեւ վերջին տունը:
«Սա վերաբերմունք է մարդու նկատմամբ։ Շուտով զարկ ենք տալու Հյուսիս-Հարավ ճանապարհին, կառուցելու ենք նաև Սիսիան-Ագարակ հատվածը»,- շեշտեց Փաշինյանը։