Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դու պետք է ընտրես x,y,z ապիկար կոռուպցիոներին, ում կառավարման տարիներին բացի Հայաստանի փաստացի թուլացումից ոչինչ տեղի չի ունեցել, այլապես ձայներդ կփոշիանան, և կհաղթի α ապիկար կոռուպցիոները, ում կառավարման տարիներին բացի Հայաստանի փաստացի թուլացումից ոչինչ տեղի չի ունեցել: Շատ ճիշտ ես, որ ապիկար կոռուպցիոներ են, բայց այլ ելք չկա:
Այս ընտրություններին նմանատիպ խոսակցություն երևի շատ եք ունեցել: Եվ վատն այն է, որ նշված միտքը մեծ հավանականությամբ ճիշտ է: Սա, իրականում, մեր ընտրական համակարգի ոչ ներառականության, կոռումպացվածության համար պարարտ հող լինելու նշան է: Եվ պատճառն ամենևին Հայաստանի քաղաքացու խառնվածքը, ավանդույթները չեն, այլ քաղաքական պայքարի` օրենսդրությամբ հաստատված կանոնները:
ԱՌԱՋԻՆ. Ինքնին խորհրդարանական հանրապետությունը Հայաստանի համար ոչ ներառական է և կոռուպցիածին, որովհետև այն ահռելի մրցակցային առավելություն է տալիս իշխող ուժին` կարող է վերընտրվել նույնիսկ այն ուժը, որը փաստացի վայելում է բնակչության 60 + տոկոսի հակակրանքը: Եթե նախագահական հանրապետության դեպքում երկրի ղեկավար դառնալու համար պետք է հավաքել ձայների 50 + տոկոսը, խորհրդարանականի դեպքում, փաստացի, բավարար է հավաքել ընդամենը մոտ 40 տոկոս, որովհետև ձայների որոշակի տոկոս փոշիացվելու է, առկա է շատ փոքր խմբակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորություն:
ԵՐԿՐՈՐԴ. Հինգ/յոթ տոկոս շեմը ծայրահեղ բարձր է: Այդ իսկ պատճառով կարող է լինել ընտրողի համար շատ գրավիչ ուժ, բայց ընտրողը մտածի` «ձայնս փոշիանալու է» և իրենց ձայն չտա: Արդյունքում, եթե օրինակ շեմը լիներ երկուս, այդ ուժը հնարավոր է ստանար տասը տոկոս, բայց քանի որ շեմը հինգ է, ուժը կստանա երկու տոկոս: Հենց այս ոչ ներառականության պատճառով է արդեն քանի տասնամյակ քաղաքական դաշտում նույն կոռումպացված ապիկարներն են:
Ով էլ գա իշխանության պետք է հնարավորինս շուտ ներառական դարձնի ընտրական համակարգը, վերադարձնի նախագահի ուղիղ ընտրությունը, շեշտակի իջեցնի կուսակցությունների համար անցողիկ շեմը:
Եթե հարցնեք` ես ինչ եմ անելու`
այո, կա վտանգ, որ իմ ձայնը կփոշիանա: Բայց ես երևի թե ռիսկ կանեմ և չեմ ընտրի ապիկար կոռուպցիոներին, ում կառավարման տարիներին բացի Հայաստանի փաստացի թուլացումից ոչինչ տեղի չի ունեցել, և կընտրեմ ինձ ավելի գրավիչ ուժին»: