Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանն ու դաշինքի անդամները շարունակում են նախընտրական քարոզարշավը։
Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունն այսօր՝ հունիսի 11-ին։
Կուսակցության ներկայացուցիչներն Արարատի մարզում հանդիպեցին Արտաշատի, Արարատի, Վեդիի և Մասիսի ընտրողների հետ։ Քարոզարշավի ամբողջ ընթացքում համակիրներն ուղղեցին իրենց հուզող հարցերը կուսակցության ներկայացուցիչներին` վերջիններս էլ խոստացան ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցել, որ մեր երկրում ամեն լավ բան դեռ առջևում է։
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ի հերթական նիստում քննարկեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ստացել են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից գրություն, համաձայն որի՝ ոստիկանությունը մերժել է Տիգրան Արզաքանցյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրել։
Նա ներկայացրեց, որ Ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝
Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով նա չունի ընտրվելու իրավունք:
Հանձնաժողովի անդամները 5 կողմ 1 դեմ ձայներով որոշեցին մերժել՝ փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։