«Այս երկրի տերը այն սերունդն է, որը դեռ պաշտոնով և փողով չի կաշառվել». «5165» շարժում

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի երրորդ օրը՝ հունիսի 9-ին, «5165» շարժումն իր հանդիպումները սկսեց Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում: Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման հիմնադիր անդամները քաղաքացիներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը: 

Այս մասին տեղեկանում ենք «5165» շարժման հայտարարությունից:

«Մենք մեր շուրջ հավաքել ենք լավ կրթություն ստացած երիտասարդների։ Հայն այսօր ուզում է արժանապատիվ Հայաստան, հոգատարություն, ոչ թե առևտուր՝ քաղաքական ու մշակութային։ Այս երկրի տերը այն սերունդն է, որը դեռ պաշտոնով և փողով չի կաշառվել, որն իսկապես ուզում է ծառայել Հայրենիքին։ Եթե ղեկավարը լինի արդար, ազնիվ և Հայրենիքին նվիրված, ապա այդպիսին էլ կլինի ժողովուրդը։ Ես երբեք չեմ մտածել, որ կզբաղվեմ քաղաքականությամբ, բայց սա արդեն քաղաքականություն չէ, այլ յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ճակատագիրը։ Սա ազատագրական պայքար է»,- նշեց Կարին Տոնոյանը։

«5165» շարժման անդամները շրջեցին քաղաքով, լսեցին քաղաքացիների մտահոգություններն ու բարձրացրած խնդիրները։

ՀՀ վաստակավոր արտիստ, շարժման հիմնադիր անդամ Արսեն Գրիգորյանը կարևորեց Հայաստանի զարգազման գործում սփյուռքի ներգրավվածությունը.

«Մենք ուզում ենք ստեղծել Հայրենադարձության նախարարություն, քանի որ համոզվածք ենք, որ բոլոր ոլորտներում սնուցողը ուժը կարող է լինել հայրենադարձությունը։ Մեր ծրագրերը թեկուզ 20 կամ 100 հոգով պետք է իրականեցնենք, քանի որ դրանք միտված են ազգային հզոր պետության ստեղծմանը։ Դարեր շարունակ մենք չենք ունեցել պետականություն, սակայն մեր մշակույթը և մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին մեզ պահել են` ստանձնելով մեր պետականության դերը: Այսօր մենք իրավունք չունենք անուշադիր լինելու մեր մշակույթի, մեր եկեղեցու, մեր ինքնության, ավանդույթների և արժեքների հանդեպ»։

Կոտայքի մարզ կատարած այցի շրջանակներում «5165» շարժման անդամները քաղաքացիների հետ հանդիպեցին նաև Հրազդանի Սահմանադրության հրապարակում: Խոսեցին ազգային պետության կերտման գործում անհրաժեշտ գործողությունների, կրթության դերի ու նշանակության և պետության արդյունավետ կառավարման մասին: Առանձնակի ուշադրություն դարձվեց սահմանին տիրող իրավիճակին և պատերազմի նման ելքի պատճառների մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել