Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիներին առաջարկում է երեք քայլ անել

Գորիսում հանրահավաքի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրությունների նպատակը թիմի փոփոխությունը չէ: Այս ընտրություններն անհատների մասին չեն:

«Մենք կանգնած ենք ընտրության առաջ. ուզում ենք ապահով երկիր ունենալ, թե՞ ծնկի իջնած ապրել, աճող տնտեսություն, թե՞ գործազրկության աճ և միգրացիա, համերաշխություն երկրի ներսում, թե՞ ատելություն:

Մեր երկիրն ընտրության առջև է: Ես քաղաքացիներին առաջարկում եմ երեք քայլ անել:

Թուղթ և գրիչ վերցնել, անջատել հանրային հեռուստատեսությունն ու Սորոսի լրատվամիջոցները և գրել երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները:

Համոզված եմ, որ առաջին հերթին կլինի անվտանգությունը, երկրորդ` տնտեսական խնդիրները, երրորդ` երկրի բարոյահոգեբանական վիճակը: Երկրորդ քայլ. ինքներդ ձեզ հարց տվեք. արդյո՞ք այս կառավարությունն ի վիճակի է լուծել այդ խնդիրները: Համոզված եմ` ոչ: Հենց այս իշխանությունն էլ ծնել է այդ խնդիրները: Նրանք ցնցել են անվտանգությունը, նրանք պատասխանատու են հազարավոր հայրենակիցների մահվան և տարածքների կորստի, բանակի վիճակի, տնտեսական անկման, գործազրկության, բնակչության հսկայական արտահոսքի, ներդրումների զրոյացման համար:

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա նրանք նույնիսկ հիմա են թույն տարածում, երկիրը բաժանում են սևերի ու սպիտակների, հների ու նորերի, և դա շարունակվելու է: Պատասխանն այստեղ էլ է պարզ: Քայլ երրորդ. առաջարկում եմ վերցնել կուսակցությունների և դաշինքների ցուցակը և ձեզ համար որոշել, թե ով է այն ուժը, որն ունի բավարար գիտելիքներ, փորձ և կամք` երկիրն այս վիճակից դուրս բերելու համար:

Մենք կարծում ենք, որ դա մենք ենք: Թույլ տվեք ձեզ առաջնորդել, և դուք չեք զղջա դրա համար»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել