Հայկը կրկին հաղթելու է Բելին. Արթուր Վանեցյան

Մեկնարկում է Հայաստանի պատմության մեջ ամենաանհասկանալի և տարօրինակ ընտրությունների քարոզարշավը: Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ։

Վանեցյանը նշեց, որ կործանման եզրին կանգնած Հայաստանը պետք է մի կողմից դիմակայի ներքին և արտաքին թշնամիներին, մյուս կողմից փորձի համատարած քաոսի, հուսալքության մեջ ընտրել Հայաստանի լինել-չլինելու մեջ։

Դիմելով քաղաքացիներին, Արթուր Վանեցյանը նշեց, որ 14 օրվա ընթացքում լինելու է կեղծիքի, սին խոստումների, մեծամտության գարշելի շքահանդես։

Վանեցյանը հիշեցրեց, որ օրեր առաջ Արցախում էր, ծանր ու հուզական զրույցներ ու այցելություններ է ունեցել։ Շուշիի կողքով անցնող ճանապարհը նկարագրեց որպես վշտի ճանապարհ ու հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին.

«Դու նամուս ունե՞ս, դու թասիբ ունե՞ս, դու պատիվ ունե՞ս։ Դու, որ հայրենի հողի համար իր կյանքը զոհած հերոսներին զրկել ես անգամ հայրենի հողում հավերժ ննջելու հնարավորությունից, կործանել ես մի ամբողջ սերունդ ու երազանք»։
Դիմելով ներկաներին՝ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հունիսի 20-ը հայ ազգի համար նոր փորձություն է:

«Հայրենիքը հարատևելու է, Հայկը կրկին հաղթելու է Բելին, և հայը նոր դյուցազնավեպեր է գրելու իր հավերժի ճանապարհին։ Պատի՛վ ունեմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել