Մեղրիի միջանցքը մեզ համար հնարավորություն է որպես խաղաքարտ օգտագործելու․ Քոչարյան

Մեղրիում ընտրողների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց․

«Քանի որ ես երկար ժամանակ բանակցել եմ ադրբեջանցիների հետ, ես լավ գիտեմ, թե իրենք ինչ նկատի ունեն «միջանցքի» տակ։ Միջանցքը կոմունիկացիաների աշխատանքը չի։ Միջանցքը նշանակում է մեկ բան․ որ Հայաստանի սուվերենությունը այդ տարածքի վրա պիտի սահմանափակվի ինչ-որ տեղ, և այլ սյուբեկտների՝ Ադրբեջանի, Թուրքիայի կամ մեկ այլ սուբյեկտների զդեցությունը և սուվերենությունը այդ տարածքի վրա պիտի մեծանա։ Սա է, ուրիշ բան չի նշանակում։ Եթե զուտ տրանսպորտային բաց, ես էլ կողմ եմ, որ երկաթուղին աշխատի, մենք երբեք դեմ չենք եղել, հակառակը, մեզ որ ասում էին, մենք ասում էինք՝ իսկ մենք ե՞րբ ենք երկաթուղին փակել։ Իրենք են փակել։ Իրականում, մենք ոչ Թուրքիայի սահմանն ենք փակել, ոչ էլ այս։ Էն կողմից են փակված։ Եվ Հայաստանի շրջափակումը սկսվել էր դեռ 88 թվից։ Հենց Ղարաբաղյան շարժումը սկսվեց, այդ ժամանակ սկսվեց նաև շրջափակումը։

Որևէ միջանցքի մասին մենք չպետք է բանակցենք, բայց մենք պետք է հսականանք նաև, քանի որ այդպիսի հետաքրքրություն կա, դա մեզ համար վտանգ է, բայց նաև հնարավորություն է՝ այդ խաղաքարտը ուրիշ խաղացողների հետ միասին օգտագործելու»։

Նշենք, որ նույն հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասել էր․

«Անկեղծ ասեմ, եթե չմտնեի այս պայքարի մեջ, ինձ կհամարեի դասալիք։ Այս իշխանություններից չեմ ուզում խոսալ, պրծված մարդիկ են ուղղակի։ Խորը վերլուծություն չեմ անում, որովհետև դա շատ հեռու է իրականությունից։ Մարդիկ չեն հասկացել՝ ուր են հայտնվել, որ երկիր են ղեկավարում, իրանց թվում է, թե երկիրը ղեկավարելը սամագատ քշել է, ոչ թե հեծանիվ։ հեծանիվն էլի հմտություններ է պահանջում, այլ՝ սամագատ՝ բռնում ես, մի ոտով հրում ես, առաջ ես գնում։ Էդ պրիմիտիվիզմի աստիճանը դա էր։ Ցավոք, բերեց, մեզ հասցրեց այս վիճակին»։

Ավելի վաղ Ագարակում Ռոբերտ Քոչարյանն ասել էր․

«Հիմա սա պետք է վերականգնենք, եթե չվերականգնենք, մենք միշտ սենց ենք լինելու՝ պարտված, կզացած, չոքած։ Ու էդ մարդը, որ մեզ այսօր բերել է էս վիճակին, որի դեմքը խորհրդանիշն է, մարմնավորումն է մեր պարտության, այս մարդն ասում է՝ գիտե՞ք, ինձանից պրծում չկա։ Էս փեչատը ձեր ճակատին, ես եմ, պիտի միշտ ես լինեմ, որ ամբողջ երկրին նայեն որպես կզացած, չոքած երկիր։ Հիմա խնդրում ենք, ասում ենք յան տուր, մի կողմ քաշվի էլի, ազատի, որ ավելի պայծառ հույս ունենանք, հավատ ունենանք։ Էսա գալու է՝ ձեզ համոզի, էս անենք, էն անենք, ես եմ, որ կամ։ Գալու են, քանի որ ասելիք չունեն, թե ինչ են արել, դրական ինչ արդյունք ունեն, գալու են, սկսեն ինչ-որ բաներ հորինել իմ մասին, մյուսի մասին՝ Մեղրի հանձնող եմ, չգիտեմ՝ որ թվին ինչ եմ արել։ Երեկ նույնիսկ ասեցի՝ հիշելու են, որ 8-րդ դասարան 2 անգամ դասից փախել եմ՝ իմ բարոյական կերպարը վարկաբեկելու համար։ Հիմա սա է մեր վիճակը։ Էդ երկրորդ մասը շատ կարևոր է՝ վերականգնել մեր համբավը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել