Ագարակում ընտրողների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ քաղաքացին, դիմելով Ռոբերտ Քոչարյանին, ասաց՝ Պարոն Փաշինյան։ Ի պատասխան քաղաքացու՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «վայ-վայ-վայ, էս ինչ ասեցիր»։ Քաղաքացին էլ նորողութուն խնդրեց՝ ասելով․ «Կներեք վիրավորանքի համար, կներեք, որ վիրավորեցի»։
«Լինում է»,- պատասխանեց Քոչարյանը։
Քաղաքացին, շարունակելով խոսքն, ասաց․
«Պարոն Քոչարյան, երբ որ Փաշինյանն ընտրվեց մեծ էյֆորիայով, մեր ինտիլիգենցիան, քաղաքական ղեկավարությունը չէր կարող մի մարդ ղեկավարեր, որը չունի աշխատանքի փորձ, բարոյական մնայուն արժեքներ․․․ Հիմա էսօրվա իշխանությունները ոչ մի կերպ չեն պահպանում ո՛չ անհրաժեշտ պայմանները, ոչ էլ մյուս։ Եվ սա պիտի բերես, մարդկանց գիտակցությանը հասցնես, որ անհնար է էս վիճակով պետություն ղեկավարել»։
Ռոբերտ Քոչարյանն էլ ասաց․
«Հիմա մենք դրա համար այստեղ ենք և դիմում ենք ձեզ, որ դուք, ձեր հարևաններին, ձեր ընկերներին, ձեր շրջապատին համոզեք, թե ինչ է պետք անել։ Գիտակցում եմ նաև, որ կա բնակչության մի մաս նաև, որ դեռ շարունակում է հավատալ, նույնիսկ չես հասկանում, թե ոնց է կարելի հավատալ հատկապես մեկ իշխանության և մեկ մարդու, որ օրը 5 անգամ կարա ստի։ Ուղղակի սուտը դարձել է առօրյայի մի շատ պարզ երևույթ, և մենք անթույլատրելի հանդուրժող ենք դարձել իշխանավորի ստերի նկատմամբ։
Այ, սա չպետք է լինի։ Իշխանավորի կողմից, պաշտոնյայի կողմից սուտը պետք է ուղղակի բացառվի։ Այդ մարդը պաշտոնից պետք է հեռացվի ուղղակի նույն պահին, նույն վայրկյանին, որովհետև մենք տեսանք ստի ավերիչ և քայքայիչ հետևանքները։ Ու ամենից վատ գիտե՞ք՝ ինչն է, երբ ինչ-որ մեկը սուտ է ասում, ու ոչ մեկը չի հավատում, էդ ստից վնաս առանձնապես չկա, դե, հիմա սուտ է, թող ստի։ Բայց երբ մարդը ստում է, և բնակչության մի զգալի մասը հավատում է, սա նշանակում է՝ այդ բնակչության մի զգալի մասը այդ ստով է առաջնորդվում իր քայլերում, իր գործունեության մեջ, իր առօրյայում, իսկ ստի վրա չես կարող բան կառուցել։
Էն գլխից ստի վրա կառուցած շենքը փլվելու է։ Մենք հիմա այդ ստերի հետևանքների դառը համն ենք առնում։ Այստեղ կարող եմ մի բան ասել, որ այս թիմը հասնելու է նրան, որ պաշտոնյայի ստի համար քրեական պատասխանատվություն սահմանվի Հայաստանում»։