«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, հարազատ մարդիկ,
Վաղը մեկնարկում է պաշտոնական ընտրարշավը:
Մենք ունենք ընդամենը երկու շաբաթ` ներկայանալու ձեր առջև և ներկայացնելու մեր ծրագիր-անելիքները:
Որքան էլ մեծ է մեր ցանկությունը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ Հայաստանի ընտրողի առջև դեմ առ դեմ, բաց ճակատով հանդես գալու, նույնքան և սուղ են ժամանակային ու ֆիզիկական հնարավորությունները իրագործելու այդքան անհրաժեշտ կենդանի շփումը մեր և ձեր միջև:
Ուստիև խնդրում ենք ձեզ ուշադիր լինել մեր յուրաքանչյուր հրապարակային խոսքին, որը ձեզ է ուղղվելու միանգամայն անկեղծ սրտով, ձեզ բոլորիդ առավելագույնս հասանելի և ընկալելի ձեւակերպումներով:
Մինչ մեր հիմնական ասելիքին անցնելը մեկընդմիշտ փարատենք ձեր կասկածները առ այն, թե ինչու, «Արդար Հայաստանը» չգնաց դաշինքի որևէ ուժի հետ` այսպիսով ավելացնելով ընտրվելու և էլ ավելի բազմապատիկ հնարավորությամբ մերժելի բոլոր ուժերին ասպարեզից հեռացնելու շանսերը: Մեն մի պատճառով:
Ապագա Հայաստանի զարգացման հիմքում որպես անկյունաքար դնելով արդարության սկզբունքը և համոզված լինելով, որ անհրաժեշտ բոլոր զարգացումները ճյուղավորվում են արդարության ակունքից, մենք այդպես էլ չհանդիպեցինք այս գաղափարը կիսող ուժի:
Եվ եթե դու երկրի զարգացման ռազմավարության հարցը խոնարհում ես ամեն գնով ընտրություններում հաղթելու մարտավարական հնարքին, ապա ո՞րն է քո տարբերությունը միմյանց հաջորդող քաղաքական ճգնաժամերում ասպարեզը տնօրինող ուժերից, որոնք ամենայն դյուրությամբ հանուն այսրոպեական եսական շահի հենց միայն զբաղված են եղել իրարամերժ քաղաքական կոնֆիգուրացիաներ ձևավորել-քանդելով»,-նշել է նա: