Մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան․ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագիրը

«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։ Այն բաղկացած է 9 հիմնական բաժիններից՝ «Իրավական պետություն և արդյունավետ պետական կառավարում», «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն», «Տնտեսություն», «Սոցիալական ոլորտ», «Կրթություն և գիտություն», «Մշակույթ», «Առողջապահություն», «Երիտասարդություն, ֆիզիկական կուլտուրա և սպորտ», «Շրջակա միջավայրի պահպանություն»։

«Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։

2018-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները չկատարեցին ժողովրդին տված խոստումները և խորտակեցին իշխանափոխության հետ կապվող՝ լավ կյանք ունենալու մարդանց հույսերը: Ատելություն ու չարություն սերմանելով՝ հասարակությանը բաժանեցին «սևերի և սպիտակների»: Ստով ու կեղծիքով եկան իշխանության և դրանք դարձրին իշխանությունը պահելու միջոցներ:

Ամբոխավարություն, կառավարման սիրողական մակարդակ, Հայաստանի շահերը հետևողականորեն վնասող և երկրի անվտանգությունը խաթարող անհեռատես արտաքին քաղաքականություն, դատարկ խոստումներ, ինքնագոհ ու միահեծան ներքին քաղաքականություն, ժողովրդավարության և ժողովրդի անվան տակ՝ անիրավություն:

Նոր իշխանությունները մեծ հաջողությամբ կարողացան կազմաքանդել տնտեսությունը, կառավարման և իրավական, կրթական և առողջապահական համակարգերը: Կազմաքանդեցին նաև բանակը և երկիրը տարան նոր պատերազմի, որի արդյունքում ունեցանք ծանրագույն մարդկային կորուստներ, իսկ Արցախի շուրջ 75 տոկոսն անցավ թշնամու վերահսկողության տակ:

Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող մեր հաղթանակած ազգը վերածվեց պարտված և հուսալքված ժողովրդի՝ կորցնելով ազգային ոգին:

Վերջին պատերազմն ու հետպատերազմյան իրողությունները շատերի համար ակնհայտ դարձրին, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ նաև հակառակը՝ իր ֆիզիկական գոյությամբ Արցախն էր Հայաստանի անվտանգության ողնաշարը: Արժանապատիվ խաղաղության մեր երազանքը մնաց անկատար, և վերահաս պատերազմի ուրվականն արդեն Սյունիքում է: Ժամանակն է հասկանալու, որ հաջորդ պատերազմը մղվելու է Հայաստանի սահմաններին»,-նշված է ծրագրի նախաբանում։

Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել