Աստղաձոր համայնքում տեղադրվեց Պահապան Խաչը: Այս մասին տեղեկանում եմք Գեղարքունիքի մարզպետարանի հայտարարությունից, որում մասնավորապես ասվում է.
«Հունիսի 4-ին Աստղաձոր համայնքի արեւմտյան եզրին տեղադրվեց Պահապան Խաչը, որն ունի 15 մետր բարձրություն և վեր է խոյանում պատմական հնավայր հանդիսացող վաղ միջնադարյան խաչքարերի դաշտում:
Նախաձեռնության հեղինակը և բարերարը՝ աստղաձորցի Արթուր Պետրոսյանն է։
Խաչի տեղադրման և օրհնման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Աստղաձոր համայնքի բնակիչներ։
Պահապան Խաչը օրհնվեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի ձեռամբ:
Օրհնության կարգից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը հնչեցրեց ոգեկոչման խոսքեր։
«Այսօր մենք կանգնեցնում ենք Պահապան Խաչը Հայաստան աշխարհի մի հինավուրց բնակավայրում, որտեղ չքնաղ բնությանը միաձուլված են պատմության վեհաշուք կոթողները։
Այս Խաչը բարձրացվում է ի բարօրություն Հայոց աշխարհի, ի հիշատակ մեր հերոս նահատակների, նաեւ ի փառս այն տղաների, ովքեր վերապրեցին Արցախյան վերջին պատերազմը եւ այժմ ապրում են մեր կողքին»,- ասաց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։
«Պահապան Խաչը տեղադրվել է մի այնպիսի վայրում, որտեղ մի կողմից գյուղը պահպանող բարձունքն է` բնության հրաշալի տեսարանով, մյուս կողմից էլ միջնադարյան տարբեր դարաշրջանների վեհաշուք խաչքարերն են:
Այս խաչքարերը փաստում են, որ հայ ժողովուրդն այստեղ ապրել ու արարել է շատ դարեր առաջ և այստեղ կապրի, կարարի ու կլինի հավերժ։