«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը։
Ձեզ ենք ներկայացնում դրա կրճատ տարբերակը։ Ամբողջական տարբերակը՝ այստեղ։
Մենք գիտական համայնքի հետ ներառական քննարկումների արդյունքում նախատեսում ենք.
Մշակել պետական պատվերի ձևակերպման, հասցեագրման, ֆինանսավորման, ստուգման և կիրառման արդյունավետ համակարգ։
Գիտության ոլորտի ֆինանսավորումը երեք տարվա ընթացքում հասցնել ՀՆԱ 1%-ի ստորին սահմանաչափին
Քաղաքական խնդիր է դրվելու առաջատար գիտական և կրթական հաստատությունների հետ համագործակցության լայն պայմանագրերի կնքումը, որի արդյունքում կիրականացվեն համատեղ հետազոտություններ, փորձի փոխանակումներ, կադրերի երկարաժամկետ փոխանակություններ։
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Պետական ապահովագրության միջոցով մեկ տարվա ընթացքում քաղաքացիներին ապահովագրելու ենք քաղցկեղի բոլոր տեսակների առողջապահական ծախսերից, երեք տարվա ըթացքում սիրտ-անոթային հիվանդությունների ծախսերից, հինգ տարվա ընթացքում ծածկելու ենք մահացությունների պատճառ դարձող հիմնական մյուս հիվանդությունների ծախսերը։
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Բնությունը մեր կենսատարածքն է, որի որակը պետք է շարունակաբար բարելավվի։ Այն պետք է առողջ միջավայր հանդիսանա ինչպես մարդկանց, այնպես էլ ներդաշնակ գոյատևող այլ արարածների համար։
Մենք բացառելու ենք նոր մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվությունների տրամադրումը, փուլ առ փուլ բարձրացնելու ենք բնօգտագործման վճարները։ Կոշտ և համարժեք քաղաքականություն ենք վարելու միջավայրի աղտոտման հարցում։ Վարեկու ենք արտեզյան ավազանի վերականգնողական քաղաքականություն։
ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Սահմանադրություն
Անհրաժեշտ ենք համարում նոր, լեգիտիմ, ժողովրդավարական և ճգնաժամերը հաղթահարելու պոտենցիալ ունեցող սահմանադրության ընդունումը։
Արդարադատություն
Վեթինգի միջոցով պետք է հասնել բարեվարքության, անկախության, պրոֆեսիոնալության և վստահության չափանիշներին համապատասխանող արդարադատության մարմինների ձևավորմանը։
Անցումային արդարադատություն
Ճշմարտության հանձնաժողովների, փոխհատուցման ինստիտուտի, վեթինգի և նոր կառուցակարգերի կիրառման միջոցով նախատեսում ենք փակել անցյալի հանցագործությունների էջը և հանրության բոլոր խմբերին տանել հաշտեցման ճանապարհով։
Ուղիղ ժողովրդավարություն
Դեմոկրատիայի նահանջը կանխելու և դրա առաջխաղացումն ապահովելու համատեքստում կարևորում ենք ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների կատարելագորումը, որոնք թույլ կտան առավել պարզ ընթացակարգերով ընդունել օրենքներ կամ հետ կանչել ԱԺ կողմից ընդունված օրենքները հանրաքվեի միջոցով, հետ կանչել համայնքի ղեկավարին կամ ավագանիներին։