Զոհված զինծառայողների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի սառնարաններում տեղերի բացակայության պայմաններում արցախյան պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերում, այնտեղ տեղափոխելու, պահման համար անհրաժեշտ պայմաններ չունեցող նկուղային սենյակներում թողնելու փաստի առթիվ ՀՀ Կոտայքի մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դեպքի կապակցությամբ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում նյութեր սկսել են նախապատրաստվել դրա վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ մայիսի 31-ից: Դրա շրջանակներում իրականացվող քննչական գործողությունների կատարման ընթացքում զոհված զինծառայողների դիերով ու մասունքներով նշված պարկերից 6-ը նկուղային հարկից տեղափոխվել են Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում առկա սառնարաններ, իսկ մյուսները՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու դիահերձարան»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել:

«Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությունն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից:

Եվս մեկ անգամ նշում ենք, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն` հուղարկավորելու համար:

Առողջապահության նախարարության կողմից կկազմվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել