Պահանջեք կատարել աշխատանք՝ Ձեր վճարած գումարներով, ուզեք ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը․ վարչական շրջանի աշխատակիցները՝ համատիրության մասին

Շենգավիթ վարչական շրջանից հայտնում են, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել դժգոհությունները «3-րդ մաս» համատիրության գործունեության հետ կապված, մասնավորապես՝ աշխատանքների կազմակերպման արդյունավետության և հաշվետվությունների ներկայացման առումով:

Վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում կոչով դիմել են քաղաքացիներին՝ նշելով

«Հորդորում ենք լինել տեղեկացված Ձեր իրավունքներին և պարտականություններին, որպեսզի՝

  • Պահանջեք կատարել աշխատանք Ձեր վճարած գումարներով.
  • Պահանջեք հաշվետվություն ծախսերի վերաբերյալ.
  • Գտնեք կառավարման մարմնի անարդյունավետության պատճառը և ձեռնարկեք միջոցներ.
  • Չվճարեք չնախատեսված գումարներ (օր՝ տեղեկանքի համար, ավտոտնակի համար և այլն):

Համայնքը չի հանդիսանում բազմաբնակարան շենքի կառավարման մարմին, կառավարման ձևը և համատիրության նախագահին ընտրում եք դուք, վճարումները համայնքային բյուջե չեն մուտքագրվում, բայց համայնքը որոշակի միջոցներ հատկացնում է բազմաբնակարան շենքերին՝ ակնկալելով ձեր սրտացավությունը և պահանջատիրությունը ձեր գույքի նկատմամբ:
Կատարելով մեր գործառույթը՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շենքերի սեփականատերերին սահմանված ժամկետում հաշվետվություններ չեն ներկայացվել, որի փաստով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 152.1-րդ հոդվածի համաձայն <<3-րդ մաս>> համատիրության պաշտոնատար անձ համարվող Դավիթ Աբաջյանի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:

Իրազեկ լինելու ձեր իրավունքն իրացնելու համար տեղեկացնում ենք, որ <<Բազմաբնակարան շենքի կառավարման մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է ՝

Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը բաժնային սեփականության սեփականատերերի կողմից օրենքով և իրավական այլ ակտերով, ինչպես նաև պայմանագրերով նախատեսված իրենց իրավունքների, պարտականությունների և պարտավորությունների իրագործումն է:

17-րդ հոդվածով սահմանված է՝

Պարտադիր նորմերի պահպանման բնագավառում ընդհանուր բաժնային սեփականության կառավարման խնդրից բացի, բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման այլ խնդիրները լուծելու համար շինության սեփականատերերը դրանց իրականացման լիազորությունը կարող են օրենքով սահմանված կարգով վերապահել թե ընտրված շենքի կառավարման մարմնին, և թե այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց.

Ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն իրականացնել միայն օրենքով վերապահված լիազորություններ:

24-րդ հոդվածով սահմանված է՝

Շենքի կառավարման մարմինը պարտավոր է շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բյուջեի հետ մեկտեղ հրապարակել իր տարեկան հաշվետվությունը, որտեղ պետք է բերվի նրա հաշվեկշիռը, հավաքված վճարների չափը` ըստ շինության սեփականատերերի, կատարված ծախսերը` ըստ ուղղությունների, և այլ տվյալներ:

Հաշվետվությունը հրապարակվում է կամ շինության սեփականատերերին է ուղարկվում օրենքով սահմանված ծանուցման ձևով:

Կառավարչի կողմից յուրաքանչյուր ամսվա համար ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը, պատրաստվում է հաշվետվություն` շինությունների սեփականատերերի կողմից անվանական վճարումների, նախատեսված և իրականացված աշխատանքների ընթացքի վերաբերյալ, և ծանուցվում է բնակիչներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել