Աղաչում եմ, պաղատում եմ ծնողներին, թող գան հանձնեն ԴՆԹ․ անհետ կորածի հարազատ

Հերացի փողոցն այսօր փակվել էր զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների կողմից: Արսեն Ղուկասյանը, ով անհետ կորած զինծառայողի հարազատ է, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր այն մասին, որ ծնողները պարզել են` իրենց որդիների և անհայտ կորած զինծառայողների մարմինների պաշտոնապես ներկայացված թվերի մեջ կան անճշտություններ։ Նա նշել էր, որ նոյեմբերի 23-ին իրենց ներկայացվել է, որ Արցախի դիահերձարան է ներկայացվել մոտ 21 մարմին, բայց մի քանի օր առաջ իրենք պարզել են, որ 200 մարմին անհայտ տեղից ի հայտ է եկել:

«Մենք «Լույսի ճրագ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնել ենք արդեն, պետռեգիստրով անցել ենք, հասցեն Բաբայան 4 է։ Հորդորում եմ, խնդրում եմ, աղաչում եմ, պաղատում եմ էն ծնողներին, ովքեր չեն հանձնել ԴՆԹ, թող գան հանձնեն, որ եթե էն մարմինները, որոնք նույնականացումն եղել է, բայց ոչ մեկ էդ չի գնում անում (խմբ․ ԴՆԹ թեստը հանձնում), կարող է, Աստված չանի, բայց իրանցը լինի։ Թող չթողնեն էդ ոսկորները ստեղ տանջվեն, թող տանեն, հուղարկավորեն, հանձնեն հողին։ Էն մարդիկ, ովքեր ասում են՝ իմը չի, չեն հավատում, ԴՆԹ-ն հաստատվել է, բայց էլի չեն հավատում, ես էդ մարդկանց նորից եմ խնդրում, եկեք տեսնենք՝ որն է էդ հարցի լուծումը, ըտենց չի լինի։ Տունը նստես, իմանաս՝ համապատասխանումն եկել է, համընկնումն եկել է ու դու ասես՝ չէ, իմը չի, չտանես։ Ըտենց ո՞նց կլինի։ Եթե եկել է, եկեք ճշտեք՝ կամ հա է, կամ չէ է, որ դու էլ համոզված լինես»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Հիշեցնենք նաև, որ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել որում ասվում է․

«Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից ոմանց դժգոհությությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը` առողջապահության նախարարությունը հայտնում է.

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է բոլոր տվյալները և՛ հարազատներին, և՛ զանգվածային լրատվամիջոցներին:

Հարկ է նշել, որ կենտրոնն աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ: Այսօր էլ, լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանդիպել է ծնողների հետ, ընդունել բոլորին և պատասխանել նրանց հարցերին: Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը: Սակայն չսպասելով դրան, նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին:

Հարկ է նշել, որ ցանկության դեպքում, հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան: Հարազատների հուզական վիճակից օգտվելով` նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածելը ուղղակի անընդունելի է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել