7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Հարգելի՛ ընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Նկատի ունենալով տարաբնույթ ասեկոսեների և բամբասանքների տարածման հանգամանքը, ինչպես նաև ԶԼՄ-ներից ստացվող հարցադրումները՝ ես ևս հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակում իմ ընդգրկված չլինելու հանգամանքը իմ որոշման արդյունքն է, որը պայմանավորված է Օրենսդիր մարմնում իմ գործունեությունը չշարունակելու և ինձ շատ ավելի հոգեհարազատ ֆինանսատնտեսական ոլորտ վերադառնալու իմ ցանկությամբ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Լուսավոր Հայաստան»-ի իմ գործընկերներին փոխադարձ վստահության և համատեղ աշխատանքի համար։
Նույնիսկ անկուսակցական լինելով հանդերձ՝ միշտ եղել եմ և կմնամ «Լուսավորչականության» և ազգային միասնականության գաղափարների կրողը։ Համոզված եմ, որ կրթության և գիտության զարգացումը պետք է լինի մեր երկրի ապագա զարգացման հիմքն ու առանցքը։
Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության առջև ներկայումս ծառացած լրջագույն մարտահրավերները, նախ և առաջ՝ անվտանգության խնդիրը, հնարավոր է լուծել միայն մեր միասնականությամբ և համախմբմամբ։ Չկա ավելի մեծ չարիք, քան մեր ժողովրդի պառակտումն է, թշնամանքի, անհանդուրժողականության և անվստահության սերմանումը։ Միթե՞ չենք հասկանում, որ թշնամին հենց դա է ուզում։
Անկախ գալիք ընտրությունների արդյունքներից՝ կոչս բոլոր քաղաքական ուժերին կլինի՝ որևէ պարագայում չգնալ վենդետաների, հանուն մեր պետականության պահպանման և ժողովրդի անվտանգության, հանուն զոհված և հերոսացած հայորդիների հիշատակի՝ վեր կանգնել նեղ կուսակցական շահերից, ապահովել ազգային միասնականությունն ու համախմբումը, ստեղծել ազգային համերաշխության հարթակ, հրավիրել բոլոր պրոֆեսիոնալ, բանիմաց, փորձառու և տեսլական ունեցող մարդկանց, այդ թվում՝ սփյուռքից, առանց «սևերի և սպիտակների»։ Ի հեճուկս թշնամու՝ մենք ուղղելու ենք մեր մեջքը, անելու ենք դա բոլորս միասին, ուս ուսի տված, անելու ենք գիտելիքով, քրտնաջան աշխատանքով և մեր միասնականությամբ։
Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո պլանավորում եմ վերադառնալ ֆինանսատնտեսական պրոֆեսիոնալ դաշտ և ակադեմիական ոլորտ և շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ինչպես դա արել եմ նախորդ քսան տարիներին։
Քաղաքականության մեջ կլինեմ այնքանով, որքանով դա կլինի անհրաժեշտ մեր երկրի տնտեսական զարգացմանն ուղղված բարեփոխումների և ծրագրերի իրականացման, վերկուսակցական, ազգային շահերի ապահովման համար։
Ներողություն եմ խնդրում բոլոր այն ընկերներից, համակիրներից և առհասարակ ընտրողներից, որոնց հիասթափեցրել եմ իմ այս որոշմամբ։
Ես միշտ եղել եմ Ձեր առջև ազնիվ, առաջնորդվել եմ իմ մտքի, խղճի, սկզբունքների և օրենքի թելադրանքով, ներդրել եմ իմ ունեցած գիտելիքները, փորձն ու հոգին, միշտ ծառայել, ծառայում և ծառայելու եմ ի շահ մեր երկրի և ժողովրդի, հանուն Հայաստանի տնտեսական զարգացման և ֆինանսական կայունության ապահովման։
Շնորհակալ եմ վստահության համար։
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և մեր ժողովրդին»։