«Դիշովի շուստրիություն»․ Քոչարյանը՝ ներկայիս արտաքին քաղաքականության մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ծրագիրն ու թիմի անդամներին ներկայացնելու ժամանակ ելույթով հանդես եկավ, որտեղ ասաց․

«Շատ կարճ պետք է արտահայտվեմ անվտանգության և արտաքին հարաբերությունների ոլորտի մասին։ Չեմ ուզում մանրամասն պատմել, թե ինչ է կատարվում այստեղ, համոզված եմ՝ բոլորդ լավ գիտակցում եք։ Այն կարելի է բնորոշել մեկ բառակապակցությամբ՝ լիակատար ձախողում։ Սա է ներկա վիճակը այս ոլորտներում։ Առաջին անհրաժեշտ գործողությունը, որ կատարելու ենք անվտանգության ոլորտում, Զինված ուժերի մարտունակության վերականգնումն է ոչ թե պատերազմի, այլ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար, քանզի այլ ճանապարհ ուղղակի չկա։ Բանակը երկրի անվտանգության ողնաշարն է։ Այն պետք է լինի ժամանակակից, առավելագույն չափով պրոֆեսիոնալ և մարտունակ։ Մեր բանակը աջակցության և լուրջ բարեփոխման կարիք ունի։ Եվ դա լինելու է իրական բարեփոխում, ոչ թե ելակային կամ ներքնաշորային բարեփոխում։

ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի։ Այնտեղ ծառայում են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող սպաներ, որոնց համար այդպիսի հանձնարարականները վիրավորական են։ Միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի այլևս երբեք թույլ չտանք ԱԱԾ-ի փոխակերպումը քաղաքական հետախուզության։

Առաջին անհրաժեշտ քայլերը, որոնք մենք ձեռնարկելու ենք արտաքին քաղաքականության ոլորտում․ մենք կդադարեցնենք միջազգային ասպարեզում այսօր կիրառվող էժանագին շուստրիության քաղաքականությունը։ Իմ մոտ այլ բառ է գրված՝ ճարպկություն, բայց ես սա որակում եմ դիշովի շուստրիություն։ Միայն հիմարները կարող են զբաղվել դրանով ժամանակակից թվային աշխարհում։

Պարտությունը պատերազմում չպետք է սահմանափակի մեզ պարտվածի բարդույթով։ Մենք ունենք արագ վերականգնման ներուժ և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դա կենսական կարևոր հարց դառնա մեր դաշնակիցների ու առաջին հերթին՝ Ռուսաստանի համար։
Մենք մեր դաշնակիցների հետ միասին ի վիճակի ենք պաշտպանել մեր շահերը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել