Հանրային Հեռուստատեսությունը և Հանրային Ռադիոն հրաժարվել են լուսաբանել ասուլիսը. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի գործընկերներ,

Այսօր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցավ դաշինքի առաջնորդների՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսը։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք արձագանքեցին «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայության հրավերին, հավատարմագրվեցին և լուսաբանեցին այսօրվա հանդիպումը։

Միաժամանակ պետք է տեղեկացնեմ, որ իշխանության ակնհայտ ազդեցության տակ գտնվող Հանրային Հեռուստատեսությունը և Հանրային Ռադիոն հրավերը ստանալու, նույնիսկ հեռախոսազանգի միջոցով տեղեկացվելու պայմաններում չէին ներկայացել այսօրվա ասուլիսին և փաստացի հրաժարվել լուսաբանել այն։ Նշվածը նախընտրական քաղաքական գործընթացների համատեքստում գնահատում ենք կանխակալ վարքագիծ»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում՝ իր ելույթում Վահագն Ալեքսանյանն ասաց. «Հենց այս պահին ընթանում է, «երկրի միակ տղամարդու» ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Գիտեք՞ք որտեղ է ընթանում մամուլի ասուլիսը․ ես էլ չգիտեմ։ Այդ մասին չգիտեն նաև մի շարք լրատվամիջոցներ, որոնք Քոչարյանի ու նրա կլանի նեղ ընտանեկան տիրույթում չեն տեղավորվում։ Գիտե՞ք ինչու չեն տեղավորվում, որովհետև այն քրոնիկ վախը, որ ունի իրեն «միակ տղամարդ» հռչակած անձնավորությունը՝ ազատ խոսքից, այն քրոնիկ վախը, որ ունի իրեն ուղղվելիք, ենթադրաբար, անհարմար հարցերից, այն վախը, որ որ կարող է հանկարծ մի լրագրող հարցնի՝ բա վերջը Պապլավոկում Պողոս Պողոսյանն ինչպե՞ս սպանվեց, այն վախը, որ հանկարծ ինչ-որ լրագրող կարող է հարցնել՝ ընկեր, մենք բոլորս տեսել են, թե ինչպես ես դու եկել ու Հայաստանում պաշտոն ստանձնել, մենք բոլորս նաև տեսնում ենք քո հարստությունը հիմա։ Այդ վախը նրան թույլ չի տալիս ու թույլ չի տա կանգնել ու լսել այն հարցերը, որոնք նրան կտային ազատ լրատվամիջոցները»,-նշեց պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել