Համարանիշերի գողության և կորստի դեպքում վերջինիս օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը․ նախագիծ

Ոստիկանություն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի սահմանել այնպիսի կարգավորումներ, որի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գողության և կորստի դեպքում վերջինիս օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը։

Նախագծով առաջարկվող նմանօրինակ լուծում տրվել է նաև Հոլանդիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ինչպես նաև մի շարք այլ երկրների կողմից։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայիս գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողը զրկվում է այդ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից և ստիպված է ստանալ հերթական կամ մեծ պահանջարկ ունեցող նոր՝ այլ թվերի և տառերի համադրությամբ համարանիշ՝ վճարելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1496-Ն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված մեծ պահանջարկ ունեցող համարանիշ ստանալու համար հաստատագրված լրացուցիչ գումարը։

Նշված կարգավորումները պատճառ են դարձել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունների և դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել