«Այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում։ Չկա որևէ մի կետ, որը կարող են վերցնել և թմբկահարել, թե այ՝ խոստացել ենք և արել են»,-այս մասին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ներկայիս իշխանության շրջանակներում չկան մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում՝ իրենց փողոցում, իրենց շենքում, իրենց բակում, ուղղակի չկան։
«Մարդիկ, որոնք համակերպվել են ուսապարկ լինելու կարգավիճակի հետ, և այդ մարդիկ պետք է համոզեն մեր քաղաքացիներին, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Չեմ կարծում, որ սա որևէ հեռանկար ունի իրենց համար։ Եվ իհարկե այս պատերազմի աղետալի հետևանքները՝ այսպես այս պատերազմը չպետք է ավարտվեր, սա իմ խորին համոզմունքն է, և սրա համար մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Նախագահն ասաց, որ այս մարդիկ սրբություն չունեն, այս մարդիկ ստելու հետ որևէ խնդիր չունեն: Այս մարդիկ համադրելի չեն իշխանական կառույցում որևէ դերակատար լինելու հետ։
«Բայց այնոջամենայնիվ մենք ունենք ժողովրդի մի մոլորյալ զանգված, որը դեռ հավատում է, և ամենից դժվար աշխատանքը լինելու է այդ զանգվածին փորձել համոզել, ուղղել։ Դժվար է լինելու, քանի որ մարդիկ ժամանակին ոգևորությամբ մասնակցել են փոփոխությունների և այսօր չեն կարողանում, չեն ուզում, դժվարանում են ընդունել, որ այս ամենը բերեց երկրի համար աղետալի հետևանքների։ Մենք պետք է օգնենք այդ մարդկանց ընտրել ճիշտ ճանապարհ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Իր ելույթի վերջում հավելեց, որ ամեն ինչ լավ է լինելու։