Բացակա մեղադրյալի նկատմամբ հեռակա դատական քննություն իրականացնելու հնարավորություն կստեղծվի

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է քննությունից կամ դատից մեղադրյալի խուսափելու կամ թաքնվելու դեպքում նախատեսել բացակա մեղադրյալի նկատմամբ հեռակա դատական քննություն իրականացնելու հնարավորություն:

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքում ավելացնել նոր բաժին և նոր գլուխ «Հեռակա դատական քննությունը վերտառությամբ», որի ներքո կանոնակարգել նշված կարգով գործերի քննության դեպքում քրեական վարույթի առանձնահատկությունները, մասնավորապես, հեռակա դատական քննություն կիրառելու հիմքը (քննությունից կամ դատից մեղադրյալի խուսափելը կամ թաքնվելը). հեռակա դատական քննությունը բացառող հանգամանքները, հեռակա դատական քննություն կիրառելու միջնորդությամբ հանդես եկող սուբյեկտի շրջանակը, միջնորդության ներկայացման և լուծման կարգը, հեռակա դատական քննություն անցկացնելու և դատավճիռ կայացնելու կարգը, հեռակա դատական քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման առանձնահատկությունները, ինչպես նաև հեռակա դատական քննության արդյունքում կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը և դրանց ի կատար ածման հարցերը: Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություններ և լրացումներ կատարել նշված կարգավորումների հետ փոխկապակցված Օրենսգրքի այլ հոդվածներում:

Նախագծով նախատեսվում է, որ հեռակա դատական քննություն կարող է կիրառվել դատարանի որոշմամաբ մեղադրողի միջնորդության դեպքում, երբ մեղադրյալը (ամբաստնյալը) խուսափում կամ թաքնվում է քննությունից կամ դատից։ Որպես հեռակա դատկան քննությունը բացառող հանգամանքներ են նախատեսվել հետևյալ դեպքերը․ ա) մեղադրյալը տեղյակ չէ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին կամ դատական քննությանը չմասնակցելը պայմանավորված չէ իր կամքով, բ) չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ դատական քննությանը մեղադրյալի ներկայությունն ապահովելու համար, գ) մեղադրյալը չունի պաշտպան, դ) մեղսագրվող արարքի կապակցությամբ մեղադրյալի նկատմամբ առկա է այլ պետության իրավասու մարմնի գործն ըստ էության լուծող օրինակնա ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ կամ ե) մեղադրյալն անչափահաս է:

Նախագծով նախատեսվել է նաև հեռակա դատական քննության արդյունքում կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման հետևյալ մեխանիզմները․

Առաջին՝ հեռակա դատական քննության արդյունքում կայացված օրինական ուժի մեջ չմտած գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկվելու է ընդհանուր կարգով:

Երկրորդ՝ հեռակա դատական քննության արդյունքում օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը մեղադրյալի կողմից կարող է բողոքարկվել վերաքննության կարգով այդ ակտը ստանալուց հետո եռամսյա ժամկետում։

Ընդ որում՝ եթե վերադաս վերանայման ընթացքում դատարանը պարզի, որ հեռակա դատական քննությունը կիրառվել է ոչ իրավաչափորեն, ապա նշված հանգամանքը հիմք է լինելու դատական ակտն անվերապահորեն բեկանելու և գործի լրիվ ծավալով նոր քննության ուղարկելու համար։

Այսպիսով, առաջարկվող կարգավորումներով՝ մեղադրյալի կողմից քրեական վարույթին մասնակցելու իրավունքից հրաժարվելը և որպես հետևանք գործի քննությանը չմասնակցելը չի բացառելու վարույթի հետագա ընթացքը՝ այդկերպ ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը, տուժողի արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև մասնավոր և դրան հակակշիռ հանրային շահի ողջամիտ հավասարակշռումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել