«Սպանենք, կոտորենք, ի՞նչ անենք». Արթուր Վանեցյանը

«Պատերազմ կեղծողը հաստատ ընտրություններ էլ կփորձի կեղծել, եթե նման փորձ արվի, հավատացնում եմ, շատ կոշտ դիմադրության կարժանանա այս իշխանությունը »,-այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով քննարկմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ իրականում օրհասական է պահը, դա լոկ խոսքեր չեն, դա իրականություն է. «Մենք հիմա մոռացել ենք Արցախի մասին, չենք խոսում գերության մեջ գտնվող տղաների մասին: Մենք այսօր արդեն խոսում ենք Սյունիքի և Գեղարքունիքի տարածքից ադրբեջանցիներին ինչ-որ կերպ դուրս շպրտելու մասին»:

Վանեցյանն ասաց, որ իրենց և ընդդիմադիր մյուս ուժերին մեղադրում են նրա համար, որ քայլեր չեն ձեռնարկել Նիկոլ Փաշինյանին դուրս շպրտելու համար:

«Մարդիկ մեզ ասում են՝ դուք եք քաղաքական լիդերներ, գնացեք և արեք: Ի՞նչ անենք, սպանենք, կոտորենք, ի՞նչ անենք: Ընդդիմադիր հատվածի պրոբլեմն այն է, որ ընդդիմության առաջնորդներն իրենց պահում են ավելի պետականամետ, ավելի պետական մտածելակերպ ունեցող, պահում են այնպես, ինչպես պետք է իրենց պահեն իշխանությունները: Գիտեն իրենց խոսքի արժեքը, իսկ իշխանությունն իրեն պահում է որպես ընդդիմություն, բառիս վատ իմաստով»,-ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն:

Նա հարց հնչեցրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որ եթե ՀՀ-ում գործում են ադրբեջանական գործակալներ և դա հաստատված փաստ է, ի՞նչ է նա անում, շարունակում է թույլ տալ, որ այդ ցանցը գործի՞, ինչո՞ւ չեն ձերբակալում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել