««Հայրենիքի փրկության» շարժման ժամանակ մարդիկ դուրս եկան փողոց, բայց այս իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի կառչած մնան իրենց աթոռներից»,- այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով քննարկմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները մնում են, որ իրագործեն իրենց վերջնական պլանը, այն է՝ հանձնել Արցախն ամբողջությամբ և Հայաստանից որոշ տարածքներ:
«Կարո՞ղ ենք սա պնդել՝ իհարկե կարող ենք: Հիմա հարց կառաջանա, եթե նման բան կա, ինչո՞ւ որևէ գործողություն չի իրականացվում, ցավոք մեր հասարակաության մի զգալի հատված չի գիտակցում, որ սպառնալիքը հասել է բոլորի տուն, և շարունակում է լռել ու որևէ ակտիվ գործողության չդիմել»,-ասաց նա:
Վանեցյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը արել են ամեն ինչ, ինչ իրենցից կախված է եղել:
«Այսօր, որ ունենք արտահերթ ընտրություններ, դրան հասել ենք քաղաքական ճնշումների արդյունքում, եթե չլինեին ընդդիմադիր ուժերը, Նիկոլ Փաշինյանը երբեք չէր գնա արտահերթ ընտրությունների»,-ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն:
Նա նշեց, որ իրենց ասել են՝ երկիրը կործանվում է, իսկ դուք պատրաստվում եք ընտրությունների. «Այո՛, մենք այսօր ընտրություններ անցակցնելու, ո՛չ բարոյական, ո՛չ այլ կերպ, իրավունք չունեք, բայց ունենք այն, ինչ ունենք»։