Վարչապետի հետ հստակեցրել եմ՝ բանավոր պայմանավորվածություններ չկան. պատգամավոր

«Հրապարակված փաստաթղթին կից, ոչ մի ուրիշ փաստաթուղթ չկա: Որևէ տարածքի զիջման վերաբերյալ խոսք չկա»,-այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն ասել է, որ այս փաստաթղթի քննարկումը կարող է տեղի ունենալ ադրբեջանական զորամիավորումների ելման դիրքեր վերադառնալու դեպքում:

Պատգամավորը նշեց, որ հստակեցրել է վարչապետի հետ, որ բանավոր պայմանավորվածություններ էլ չկան:

«Առաջարկ է ստացվել Ռուսաստանի Դաշնությունից ստեղծել եռակողմ հանձնաժողով դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ, ուշադրություն. ոչ թե անել դեմարկացիա և դելիմիտացիա հիմա կամ վաղը կամ մեկ ամսից, այլ ստեղծել նման հանձնաժողով»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Նա նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև կա այդպիսի երկկողմ հանձնաժողով, որը 20 տարուց ավել գործում է: Սահմանի մի մասը դեմարկացված է, մյուս մասը՝ ոչ:

«Մենք ի պատասխան այս առաջարկին՝ մեր հստակ դիրքորոշումն ենք արտահայտել առ այն, որ սա տեղի կարող է ունենալ միայն ՀՀ-ի ինքնիշխան տարածքից դուրս գալու և ելման դիրքեր վերադառնալու դեպքում: Եթե այս փաստաթուղթը ստորագրվի և նման հանձնաժողով ստեղծվի, խոսքը լինելու է ՀՀ-ի և Արդրբեջանի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, այլ ոչ Ադրբեջանի և Արցախի: Այս հանձնաժողովը որևէ կապ չի ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել