Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի գործողություների նպատակը սահմանային բախում հրահրելն էր ՀՀ ինքնիշխան տարածքի ամենանեղ հատվածում և ժամերի ընթացքում ռազմական գործողությունները տեղափոխել ՀՀ տարածքի խորք։
Նա նշեց, որ ՀՀ դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն ՀՀ տարածքը։ Անդրադառնալով շրջանառվող փաստաթղթին, վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ առաջարկվել է ձևավորել հանձնաժողով, որը կզբաղվի սահմանազատման հարցերով։
«Դա այն միայն և եզակի փաստաթուղթն է, որը օր ու կես կամ 2 օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ։ Ամենակարևոր կետը այն է, որ կողմերը պարտավորվում են՝ սահմանային իրադրությունները լուծում են ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհով»,-նշեց Փաշինյանը ու հավելեց, որ սա նոր մոտեցում չէ, նա դրա մասին հայտարարել է մայիսի 17-ին Անվտանգության խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ որևէ գաղտնի հավելված չկա, այս փաստաթուղթը ինքնին գաղտնի էր և չպետք է հրապարակվեր։ Փաշինյանը հավելեց, որ այդպիսի փաստաթղթերը ստացվում են ԱԳ նախարարության խողովակներով և գերատեսչությունը չի կարող տեղյակ չլինել․ «Բա ես ո՞նց եմ դա ստացել։ Դա տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունը ուղարկում է նախարարությունը, նախարարն էլ ուղարկում է ինձ։ Հիմա այնպիսի ժամանակներ են, որ Միշիկի անունը լսելիս մարդկանց ոտքերը թուլանում են»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարել էր, թե առաջիկայում հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություն չունի։
«Փաստաթղթից ես գաղափար չունեմ, որևէ տեղեկություն չունենք, Արտգործնախարարությունը չունի», – նշել է փոխնախարարը: