Դատախազությունը որոշել է նոր իրավական աբսուրդի բարձունքներ նվաճել. Վարդևանյան

Դատախազությունն արդեն իրեն լիազորություն է վերապահել՝ Սահմանադրական դատարանի որոշումների գնահատման, մի հատ էլ քննադատման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Փաստորեն գլխավոր դատախազությունը որոշել է նոր իրավական աբսուրդի բարձունքներ նվաճել։ Դատախազությունն արդեն իրեն լիազորություն է վերապահել՝ Սահմանադրական դատարանի որոշումների գնահատման, մի հատ էլ քննադատման։ Կարծես թե նման վարքագիծ արդեն մի քանի ամիս է նույնիսկ դատարաններ շրջափակողները իրենց թույլ չէին տվել։ Կարծես թե պետք է Սահմանադրական իրավունքի և Սահմանադրական դատարանի պետական համակարգում ԲԱՐՁՐ դերի մասին գիտական հոդված փոխանցել դատախազներին։ Սահմանադրական դատարանը սովորական դատարան չէ, որ վերաքննիչ բողոքի բառերով ու տերմիններով գնահատական տաք։ Հարց է առաջանում, էլ ինչ պետք է լինի, որ դատախազությունը իր սահմանադրական կարգավիճակին հարիր վարքագիծ դրսևորի՝ ընդունի իր սխալը, հայցի ներողամտություն։ Պատկերացրեք դատախազությունը իրեն դիտարկում է Սահմանադրության նորմերը ՄԻԱԿ մեկնաբանելու լիազորություն ունեցող մարմնից ավելի «գիտակ»։ Դատախազությունը կարծես տեղյակ չէ, որ Սահմանադրական դատարանի մասին ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ օրենքը պետք էր մանրամասն կարդալ մինչև ՍԴ դիմում ներկայացնելը։ Այս խայտառակ վարքագիծը հակասում է սահմանադրական մարմնին ներկայացվող պահանջներին և տարրական հարգանքի կանոններից շեղում է։ Առհասարակ 300․1-ի վերաբերյալ դատախազության վարքագիծը ոչ թե առնչվում է իրավունքի հետ, այլ ավելի շատ հիշեցնում է «Խաչագողի հիշատակարանը» վեպը․․․։

Հ․Գ․ ՍԴ-ի մասին խոսալու փոխարեն, թող նույն ոճով հայտարարեն ՀՀ տարածքային ամբողջականությունը թշնամու կողմից մինչ օրս խախտելու փաստի առթիվ քրեական գործով ԻՆՉ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎԵԼ․․․»,– գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել