Բանակցությունները շարունակվում են․ Նարեկ Ղահրամանյան

Սիրելի հայրենակիցներ, բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, ով այս օրերին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հետ Սյունիքում էր։

«Այս ընթացքում որոշ նորելուկ քաղգործիչներ, Սյունիքի անվտանգությունը մանրադրամ սարքած, հանուն սեփական ստորագույն շահերի՝ ստահոդ լուրեր են տարածում՝ հարվածի տակ դնելով Հայաստանի անվտանգությունը և խուճապ առաջացնելով հանրության շրջանում։ Խնդրում եմ պահպանել զգոնությունը, սպասել պաշտոնական տեղեկատվության և տուրք չտալ քաղաքական մանրավաճառների ստերին»,-նշել է նա։

Նշենք, որ Իրավաբան․net-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնեց, որ այսօրվա բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, հնարավոր է ադրբեջանական կողմը նահանջի։

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայրենիք» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է․ «Իմ ունեցած տեղեկություններով` Սյունիքի մարզում ադրբեջանական չորս դիրք կլինի` յուրաքանչյուրում 15-ական զինվոր»։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի տեղեկություններով՝ «ադրբեջանցիները ՀՀ տարածքում պոստեր կունենան և իրենց ձեռքում մնաց 3.2.3.2 բարձունքը»։

Պաշտոնական որևէ տեղեկատվություն դեռ չի հրապարակվել։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել