Ադրբեջանցիների նահանջի մասին խոսակցություններ կան․ Իրինա Յոլյանը՝ բանակցությունների արդյունքների մասին

Իրավաբան․net-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնեց, որ հնարավոր է ադրբեջանական կողմը նահանջի։

«Բանակցությունները մոտ 20 րոպե առաջ ավարտվել են և այդպիսի խոսակցություններ կան նահանջի մասին։ Թե ինչ ժամկետներում, երբ՝ հայտնի չէ։ Այդ մասին առաջիկայում հայտարարություններ կլինեն»,-հայտնում է Իրինա Յոլյանը։

Նա նշեց, որ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն, ներքին խոսակցություններից է դա պարզ դարձել։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել