Ադրբեջանցիները երեկվանից առաջ են եկել Ակներ գյուղի վերևի հատված, բանակցություններ են ընթանում․ Գորիսի փոխքաղաքապետ

Մամուլում երեկվանից տեղեկություն է շրջանառվում, որ ադրբեջանցիները առաջ են եկել՝ հասնելով Սյունիքի մարզի Ակներ գյուղի վերևի հատված, որտեղից երևում է Գորիս քաղաքը։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով, որ այժմ ընթանում են բանակցություններ։

«Ադրբեջանցիները երեկվանից առաջ են եկել, բայց բանակցություններ են ընթանում, սպասենք, որ ավարտվեն»,- ասաց Մենուա Հովսեփյանը։

Մամուլում կան տեղեկություններ նաև այն մասին, որ գյուղացիները լքում են այն գյուղերը, որոնց մոտեցել են ադրբեջանցիները։ Սրան ի պատասխան՝ փոխքաղաքապետն ասաց․ «Այդպիսի բան չկա, գյուղացին չի լքելու իր գյուղը, դա բացառվում է»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել