«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ»,-նշված է հայտարարության մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։
Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին։