Տեղի է ունենում անվտանգության խորհրդի նիստ

Տեղի է ունենում անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն արդեն կառավարության շենքում է:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Սյունիքի սահմանային իրավիճակի մասին ասաց. «Սյունիքում՝ Սև լճի հատվածում, երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա։ Իրադրությունը շարունակում է մնալ նույնը։ Տեղյակ եք, որ երեկ առավոտյան Ադրբեջանի  զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել Հայաստանի պետական սահմանը Սև լճի հատվածում: Ուզում եմ ասել, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա, և իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, և այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա՝ մեծ թվով: Բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն և բախում չկա, որովհետև երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ:

Ինչո՞ւ է այսպես իրադրությունը:

Նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են, ակնհայտ է, և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ: Իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ:

Իհարկե, կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա՝ որ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ: Դա առանձին քննարկման խնդիր է, որը, իհարկե, անպայման կդիտարկվի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել