Լրագրող Նարե Արզումանյանը, ով երեկ հրապարակել էր Ռոբերտ Քոչարյանի` Եռաբլուր այցի տեսանյութը, սոցցանցի իր էջում գրել է
«Ես խղճում եմ ձեզ, որովհետև այնքան թույլ եք ու ճղճիմ, որ երեկվանից հասցրել եք մի քանի անգամ ամուսնացնել ու բաժանել, այնքան տխեղծ եք, որ հյուսել եք ամենատարօրինակ պատմությունները: Այնքան սրբապիղծ եք, որ կարծում եք, թե որևէ մեկը կարող է ինձ վարձատրել, որ ես որևէ բան հրապարակեմ իմ էջում: Իմ գոյությամբ ես ձեր ոչնչությունն եմ մատնում, որովհետև դուք կայանում եք ձեզ վաճառելով, բայց գիտակցեք, որ կյանքում արժանապատվություն ու սեփական ԵՍ ունենալը կարևոր են:
Գրեք` ինչ ուզում եք, խոսեք` ինչ կարող եք, դրանով մատնում եք, թե ով եք և ինչ եք ուզում: Այնքան մանրախնդիր եք, որ սկսել եք արտաքին քննարկել, ամենաանտակտ ստերը հորինել: Դուք երբեք չեք կարող ազդել ինձ վրա ձեր նվաղ բամբասանքով. այս հողը ծածկված է իմ ամենաթանկի արյամբ և դուք ամենաողորմելի արարածներն եք, որ որոշում կայացնեք՝ շնչե՞մ ձեզ հետ նույն օդը, թե չէ: Ես ամեն օր ապրում եմ այն իրականության հետ, որը չեք տեսնում. իմ ընտանիքը կորցրել է իր ամենաթանկին, մեր ունեցածը թողել ենք Ջաբրայիլում, բայց շարունակում ենք գործով զորացնել մեր հայրենիքը. ընտանիքս մինչ օրս օգնում է վիրավոր զինվորներին, հրամանատարիս զոհվելուց հետո էլ ավագ որդին մեկնեց Արցախ ծառայության, որովհետև ամեն մեկիցս է կախված մեր Հայրենիքի ապագան, ոչ թե ձեր տերերից։
Երբեք որևէ մեկին չեմ կամենում իմ ամեն օրվա ապրածի մեկ տոկոսը զգա, բայց պահանջելու ու հետևողական եմ լինելու, որ մեր վիշտը չշահարկեք: Այո, իմ վիշտն այնքան մեծ է, որ հիմա ավելի պահանջատեր եմ դարձել Հայրենիքիս համար։ Երևի Քոչարյանի ու նրա աջակիցների հույսը հենց հերոսներ կորցրած հարազատների վիշտն է, թե նրանք կարող են աչք փակել ամեն ինչի վրա։ Ուրեմն հիշեք` այդպես ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։ Եռաբլուրում երեկ բազմաթիվ մարդիկ կային ու բոլորն էլ ականատես եղան Քոչարյանի այցի հետ կապված միջադեպին, իսկ դուք հայտարարում եք, թե շոու եմ բեմադրել, կեցցեք:
Բոլոր այն չորքոտանիները, որոնք պնդում են, որ գոռացող տիկինը մայրս էր, դրանք են իրական շոումենները, որոնք իրենց շոուների հերոս մշտապես իրենց մորն են դարձնում։ Չհամարձակվեք Եղբորս մահն ու սրբություններս շահարկել։
Պատերազմից հետո շարունակ Նիկոլին եմ քննադատել, բայց երբեք վիշտս չեն վերցրել ու հրապարակումներ ձոնել… Ինձ համար միևնույն են բոլորը։
Եթե իսկապես ազնիվ մղումներով էիք Եռաբլուրում, պետք չէր հատուկ նկարվել, հատկապես այդ միջադեպից հետո ու ակտիվորեն տարածել։ Մեր զոհված տղերքի գերեզմանների մոտ Փիառվել ՉԻ ԿԱՐԵԼԻ։ Քոչարյաններ, ձեր վարձու շներին հեռու պահեք ինձանից…»,-գրել է նա։