Սահմանամեձ Նռնաձոր գյուղում կառուցվում է նոր թաղամաս

Այսօր տեղի ունեցավ Նռնաձոր գյուղում կառուցվող նոր թաղամասի երկու առանձնատների հիմնարկեքի արարողությունը: Այս մասին հայտնում է Մեղրիի համայնքապետարանը։

«Միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի համայնքապետեր, համայնքի վարչական ղեկավարներ, ավագանիների անդամներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ և գյուղի բնակիչներ: Միջոցառումը համեմված էր Մեղրիի մարզամշակութային կենտրոնի սաների երաժշտական համարներով:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատանքները: Թաղամասի կառուցումն իրականացվում է վերջերս հիմնադրված «Մեղրիի զարգացման հիմնադրամի» կողմից: Ֆինանսավորումն իրականացվում է բարերարների միջոցներով:

Ծրագրով նախատեսվում է կառուցել 30 անհատական բնակելի առանձնատների թաղամաս՝ նախատեսված պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բնակիչների համար:

Օրերս հաջողությամբ ավարտվել են գեոդեզիական և հողահարթեցման աշխատանքները և արդեն իսկ մեկնարկել են երկու տների կառուցման աշխատանքները։

Սյունիքի բարեգործական հիմնադրամի տնօրեն Գուրգեն Գրիգորյանն իր խոսքում նշեց. «Ծրագիրն այսքանով չի սահմանափակվում, մեր հեռահար նպատակների շրջանակներում է ընդգրկված ամբողջ Մեղրի համայնքը: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ հայրենիքը սկսվում է սահմանից և հենց դրանով էր պայմանավորված, որ ընտրեցինք հայրենիքի վերջին, սահմանամերձ համայնքը՝ շենացնելու, նոր շունչ հաղորդելու ու վերաբնակեցնելու համար»: Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը շնորհակալական խոսք հղեց հիմնադրամին իրենց աջակցությունն ու զորակցությունը ցուցաբերելու համար, ինչի արդյունքում Նռնաձորը՝ հարավարևելյան ուղղության առաջին սահմանամերձ գյուղը կվերաբնակեցվի և նոր շունչ կստանա:

Նռնաձոր բնակավայրի ղեկավար Ալիկ Բոյաջյանը նույնպես շնորհակալանքի խոսք ուղղեց ծրագրի աջակիցներին՝ նմանօրինակ նախաձեռնությամբ Արցախի մեր հայրենակիցներին սատար կանգնելու և գյուղը շենացնելու համար:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ առաջին երկու առանձնատների հիմնարկեքի արարողությունը: Տարածաշրջանի հոգևոր հայր տեր Ռաֆայելի ձեռամբ օծվեցին նոր կառուցվող առանձնատների հիմնաքարերը:

Հիմնարկեքի կարգից հետո համայնքապետի նախաձեռնությամբ կազմակերպվեց մատաղի հյուրասիրություն»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել