Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում Մարդու իրավուքների պաշտպանին․ տիկին Կարապետյան, լու՞րջ եք ասում․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ազգային ժողովում 2020 թվականի տարեկան հաղորդման և զեկույցի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ, արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին, ասաց․

«Տիկին Կարապետյան, Ձեր ասածը բացահայտ կեղծիք է ու շատ վիրավորական է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական ինստիտուտի նկատմամբ․․․Մարդու իրավունքների պաշտպանը միշտ է եղել անկաշկանդ, տիկին Կարապետյան։ Եթե մարդու իրավունքների պաշտպանը անկաշկանդ չլիներ, 2018 թվականի ապրիլ-մայիս իրադարձությունների ժամանակ միջազգային բարձրադիր բոլոր ամբիոններից գնահատականների չէր արժանանա։ Այդ թվում՝ Եվրամիության կողմից, որ օրինակելի կառույց է։

Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում Մարդու իրավուքների պաշտպանին․ տիկին Կարապետյան, լու՞րջ եք ասում։ Բա ինչպե՞ս հասկանանք այն, որ մարդիկ պատերազմից հետո գտնվում էին տեղեկատվական բլոգադայի մեջ, պետությունը որդեգրել էր չափազանց սխալ քաղաքականություն։ Անընդհատ ասում էին՝ ոչ մի բան տեղի չի ունենում, ամեն ինչ նորմալ է։ Արդյունքում՝ ամբողջը գալիս, լցվում էր ապատեղեկատվությամբ։ Մարդիկ ապրում են սահմանին՝ գյուղում, եկել են ադրբեջանական զինվորականները, շոկի մեջ են մարդիկ հայտնվում։ Պետությունը փոխանակ նրանց հետ աշխատի, ոչ միայն աշխատանքներ չի տանում, այլև հայտարարում է, թե ամեն ինչ նորմալ է։ Ադրբեջանի նպատակն է հիմա աշխարհին ասել, որ ամեն ինչ նորմալ է, նրանք ասում են՝  հենա իրենք էլ (խմբ․ Հայաստանը) են ասում, որ ամեն ինչ նորմալ է։ Բա պետությունը ոչ մի բան չի անում ու մեղադրում է մեդիատեռորի մեջ»։

Արման Թաթոյանը անդրադարձավ նաև Հանրային հեռուստատեսությանը։

«Հիմա ես ուզում եմ հատուկ անդրադառնալ Հանրային հեռուստատեսությանը: Շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում Հանրային հեռուստատեսությունը: Մենք հատուկ մոնիտորինգ ենք արել: Իմ հայտարարություններից Սյունիքի հետ կապված համարյա ոչ մի բան չեն լուսաբանում: Ամբողջությամբ դարձել են իշխանության մարմինների քարոզիչ: Ես խիստ զգուշացնում եմ հե՛նց այս պահին այս ամբիոնից Հանրային հեռուստատեսությանը՝ որպես հանրային ֆինանսավորում ստացող մարմնի, որ նրանք անաչառ ինֆորմացիա տրամադրող են, և ոչ թե՝ ՄԻՊ տեղեկություններն աղավաղող: Նրանք պիտի իրականը տրամադրեն մարդկանց: Առավել ևս մարդիկ դիտում են, չէ՞, սահմաններում Հանրային հեռուստատեսությունը:

Հանրային հեռուստատեսությունը նաև հայտարարել է, որ սկսում է մասնավոր լրատվական մի ալիք, ես ուզում եմ հատուկ ասել՝ ես դա վերցնելու եմ հատուկ մոնիտորինգի տակ՝ մանավանդ որ հանրային ֆինանսներ են հատկացվում, հասկանալու համար՝ ինչ անաչառության աստիճանի է լուսաբանվում: Եվ նորից զգուշացնում եմ, որ չփորձեն աղավաղել Հայաստանի ՄԻՊ-ի հայտարարությունները»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել