Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
«Ականջալուր լինելով մեր բազմաթիվ քաղաքացիների խնդրանքին՝ ընդլայնել ենք համաներման ակտի կիրառման շրջանակները, որի արդյունքում համաներումը տարածվելու է՝
- օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և
- Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ (նույն հոդվածի 3-րդ մասի նկատմամբ համաներումը կիրառվում է միայն այն դեպքում, երբ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ):
Այս համաներման շահառուներին հնարավորություն է տրվելու մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին ներկայանալ քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։
Մեր հայրենակիցների համար կցանկանայի շեշտադրել այն, որ համաներում հայտարարելու նախաձեռնությամբ՝
- մենք նպատակ ենք ունեցել հնարավորություն ընձեռել համաներման շահառուներին ՀՀ տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու,
- հիմքում ունեցել ենք հետպատերազմյա հետևանքները հնարավորինս մեղմելու և դրանով իսկ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացումն ապահովելու տեսլականը և
- առաջանորդվել ենք մարդասիրության և համերաշխության սկզբունքներով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Համաներումը ՉԻ՛ տարածվելու պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ»,-նշել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: