«Որոշում եմ կայացրել շարունակել իմ քաղաքական ուղին, այն շարունակելու եմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ»,-այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ կուսակցությունն ստեղծվել է՝ հիմքում ունենալով Սյունիքը, և այն ստեղծվել է հետպատերազմյան շրջանում անհրաժեշտաբար, քանի որ գործող իշխանությունն անտարբերության է մատնել մարզը:
«Լավ աշխատանքի դեպքում մենք լուրջ շանսեր կունենանք: Վստահեցնում եմ, որ կուսակցությունն ամրանալու է Հայաստանի բոլոր մարզերում»,-նշեց պատգամավորը:
Աննա Գրիգորյանն ասաց, որ ինքն իրեն ամուր է զգում այդ կուսակցությունում, որովհետև այնտեղ կան մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ ցույց են տվել, թե ովքեր են իրենք, ինչպես են սիրում իրենց երկիրը և ինչ նվիրվածություն ունեն իրենց երկրի նկատմամբ:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հնարավոր է միանա Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմին, պատգամավորն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ դեռ չունեն հստակ դիտարկում և չի կարող որևէ բան ասել: