Մայիսի 4-ին, ժամը 22.30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի հիվանդանոցի տարածքում կրակոցներ են հնչել: Րոպեներ անց «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ հիվանդանոց է ընդունվել 29-ամյա երիտասարդի դի:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Հիվանդանոցից հաջորդ հաղորդումը ժամը 23.40-ին էր. հայտնում էին, որ «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 21-ամյա երիտասարդ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում անհայտ անձը կրակոցներ է արձակել «Հունդաի Էլանտրա» ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած 29-ամյա վարորդը մահացել է, իսկ 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներ է ստացել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 34 պարկուճ: «Հունդաի Էլանտրան» տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեից նոր մասնրամասներ են հայտնում.
«2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: Քիչ անց ստացվել է ևս մեկ ահազանգ այն մասին, որ «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ վերոնշյալ երիտասարդներին սպանելու նպատակով, ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ, և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



